Բնության ու անկենդանության հատումը

Շարունակվում են մեր բնապահպանական այցերը Հայաստանի չորս կողմերով: Այս անգամ դեպի հյուսիս։ Ներկա պահին ցանկացած լրատվական կայքի նյութերում դժվարությամբ չենք գտնի Թեղուտի,Ախթալայի կամ էլ Դեբեդ գետի աղետի մասին որևէ նորություն։ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը գտնվում է Հայաստանի հյուսիսում` Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում: Այն շատ մոտ է գտնվում Թեղուտ և Շնող գյուղերին, որոնք գտնվում են հանքավայրից համապատասխանաբար 4 և 6 կմ հեռավորության վրա: Վերջերս հանքում ու նույնանուն ֆաբրիկայում աշխատանքները դադարեցվել են, գյուղացիները ուղարկվել են անժամկետ արձակուրդի։ Իսկ հետո «Թեղուտ» ՓԲԸ-ի 1190 աշխատակիցներից 1032-ը ստացել են պայմանագրերը լուծելու մասին ծանուցումներ։ Այս ամենը էկոլոգիայի դասաժամին կարդացել,քննարկել էին և ցանկությունը մեծ էր այցելելու, սեփական աչքերով տեսնելու ու մեր կարծիքը ձևավորելու այս խնդրի մասին։

Մեր առաջին կանգառն Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայում էր։ Իրականում հենց «ֆաբրիկա» ասվածում առաջին անգամ էի։ Մռայլ ու գորշ պատերով շենք, որտեղ քիմիական հոտերը խեղդում էին ։ Ամենուրեք մուգ գույնի հեղուկ էր ֆիլտրվում ու այդ ձայների մեջ հազիվ էինք լսում աշխատողների ձայները։ Ես հաստատ չեմ ուզենա այնտեղ վերադառնալ, ուր մնաց կարողանամ պատկերացնել ֆաբրիկայի աշխատողների կյանքը։ Աշխատողները շատ բարեհամբույր պատմում էին գործարանի մասին, նայում էի այդ մարդկանց ու հասկանում « գոյության պայքար» բառերի իմաստը։ Իրենք լավ էլ հասկանում են, թե ֆաբրիկայի աշխատանքը ինչ վիճակի է հասցնում իրենց իսկ տունը,բայց այլ տարբերակ չունեն. այդ աշխատանքով են պահպանում իրենղ գոյությունը։
Հաջորդ կանգառը Շնող գյուղն էր, որը երկու-երեք օրով դարձավ մեր «տունը»։ Քաղաքային կյանքից հետո մի քիչ դժվար էր հարմարվելը մանավանդ այն մտքին, որ գյուղ ասելիս պատկերացնում էի կողք կողքի ծխացող տներ, վազվզող երեխաներ, այգիներում աշխատող մարդկանց, հաց թխող կանանց, անհոգության ծիծաղ ու կենդանական աշխարհի ձայներ։ Բայց դե այսքանն էլ էր արդարացված , պատկերացրածիցս ամեն ինչից քիչ-քիչ տեսա։ Հասանք երեկոյան, բայց դա չխանգարեց գյուղում զբոսնելուն։ Գյուղում բոլորը զարմացած էին այսպիսի մեծ խումբ տեսնելով,հետաքրքրված քայլում էին մոտակայքում, հարց ու փորձ անում։ Վերադարձանք տուն, իսկ էնտեղ մեզ սպասում էր փայտ այրող ջերմ վառարանը, նրա կողքին դրված կարտոֆիլն ու լավաշով պանիրները։ Էլ ի՞նչ էր պետք մեզ երջանիկ լինելու համար։
Երկրորդ օրվա համար մեզ բավականին էներգիա էր անհրաժեշտ , որովհետև հենց այդ օրը պետք է իրականացնեինք մեր գալու բուն նպատակը։ Առաջինը հասանք Ախթալայի եկեղեցի, որ տեսնելիս միանգամից հասկացա, որ դա Դադիվանքից հետո երկրորդ հրաշքն էր։ Առաջին հայացքից նկատել եմ միայն բնությունն ու ներդաշնակությունը, քանդված բերդի հատվածներ, որ նույնքան գեղեցիկ է, ինչքան որ եթե ամբողջական լիներ։ Վազվզում էինք Դիանան ու ես՝ հավես ու հարմար խոտ էր մեզ պես երեխաների համար։ Նկարվում էինք ամեն պատահած դռան ու պատի հետ, երևի վախենում էինք կորցնել այդ պահերը։ Իսկ հետո, երբ արդեն հարմարվում էինք հրաշք միջավայրին ընկեր Մարթան ցույց տվեց Դեբեդի վտակ Ախթալա գետը, որ տեղացիներըը հիշում էին քչքչում էր մի ժամանակ, իսկ հիմա ցամաքել ու դարձել է առվակ՝ խառնված թունավոր պոչանքի հետ։ Հետաքրքիր զգացում էր կանգնած էինք կանաչ խոտերի վրա, իսկ երբ նայում էիր ներքև կենդանի բնության վախճանն էր։ Նկարելիս փորձում էինք անպայման ցուց տալ այդ հատումը ՝ բնության ու անկենդանության միջև։ Հաջորդ կայանը Այրումի «Նահատակ» կոչվող պոչամբարում էր։ Բոլորս միանգամից արտաբերեցինք ՝ լողավազան։ Այո, պոչամբարը մի ամբողջ բաց կապույտ գույնի լճակ էր, որ եթե չիմանաս թույն է, հաստատ կուզես լողալ։ Պոչամբարի հատվածում «կղզի» կար (գյուղացիները հենց էդպես էլ անվանում են)։ Այն երեք կողմից շրջապատված էր պոչանքային ջրերով։ Կղզյակի վրա ապրում էր 7-8 տուն։ Խոսեցինք բնակիչներից մեկի հետ ՝ Հասմիկ տատիկի, ով պատմեց որ, պոչամբարը գործում է չորս տարի, ու իր ազդեցությունը թողել է թե՛ բերքի վրա և թե՛ իրենց առողջության։ Բերքը քիչ-քիչ չորանում է. այլևս չեն կարողանում նորմալ վաճառել, ինչպես նաև իրենց ճնշումն է խախտվել։ Ասաց, որ խմելու ջուր չունեն․ հարևանից են օգտվում։ Այսպիսով, ինձ համար խամրեց այդ «գեղեցիկ» տեսարանը ։ Երրորդ օրը նույնպես հագեցած էր։ Զրուցում էինք Շնող գյուղի բնակիչների հետ։ Նրանց խոսքերով, Թեղուտի շահագործման դադարը իրենց վրա սոցիալապես շատ վատ վիճակ է ստեղծել, և դա արտագաղթի լուրջ պատճառ է հանդիսանում։ Այս երեք օրերին եղանք նաև Հաղպատում ու Սանահինում, որ միշտ լսել եմ ու չեմ եղել։ Շատ հետաքրքիր էր լսել նրանց մասին լեգենդները։ Սանահինը ըստ լեգենդի նշանակում էր «սա նրանից հին է», իսկ Հաղպատը ՝ «պինդ պատ»։

Դե ինչ, մեր ճամփորդական խմբի դեպի հյուսիս այցը ավարտված է. շատ բան տեսանք ու լսեցինք, իսկ ես անզորությունից ինձ մի տեսակ տկար եմ զգում…

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s