Կաղանդի լավագույն նվերը

Արդեն մեկ շաբաթ է, ինչ ստամբուլյան թիմը ժամանել է Երևան։ Ու քառօրյա դաժանակիր քննություններից հետո արդեն դժվարանում էի Ստամբուլի մասին հիացմունքս շարադրել։ Ընկեր Մարթայի պատում-հաշվետվությունից ոգևորված՝ միանգամից վերցրի համակարգիչս ու սկսեցի գրել։ Իրականում, իմ այցը Ստամբուլ կարելի է համարել դպրոցական վերջին, (չնայած դեռ ահագին ժամանակ կա․ էլի կհասցնեմ) խենթությունը ։ Դեկտեմբեր ամիսն է․ ընկերական քննարկումների անբաժանելի մասն են դարձել քննությունները։ Իհարկե, մենք իրար քաջալերում ենք, բայց «քննություն» բառը մի քիչ ճնշող է։ Արդեն հասցրել էինք մոռանալ ամանորյա հրաշքների մասին ու հանկարծ ստացա առաջին նվերս։ Նվերս ճամփորդության դրական լիցքերն են, որոնք հուսով եմ ինձ կուղեկցեն երկար ժամանակ։

 

Առաջին այցից շատ տպավորված էի, բայց այս անգամ լրիվ այլ էր։ Հիշում եմ, որ առաջին այցելության ժամանակ հեռախոսը ձեռքիցս ցած չէի դնում, ամեն րոպե հիացած նկարում էի, որ չկորցնեմ ոչ մի պահ, հետո ծնողներիս ցույց տամ ու իրենք էլ մտովի տեղափոխվեն Ստամբուլ։ Այս անգամ որոշեցի, որ կենդանի հիշողություններից ավելի հաճելի բան չկա։ Մեկ օր ճանապարհին գտնվելուց հետո կարիք ես ունենում հոգատար ընտանիքի, իսկ նրանք մեզ սպասում էին մեծ ոգևորությամբ ու անհամբերությամբ։ Արդեն մի քանի անգամ այսպիսի տեսարանի հանդիպել էի, բայց ամեն անգամ հալչում եմ նրանց ջերմ վերաբերմունքից։ Ծանոթացա նոր ընտանիքիս հետ՝ Արևի, Անժելայի(պոլսահայ երկրորդ մայրիկիս), Գրիգորի(հոր) և Կարենի(եղբոր) հետ։ Միշտ ներքին զգացում եմ ունենում, որ նոր ընտանիքս ու ես շատ ընդհանրություններ պետք է ունենանք։ Այդպես էլ լինում է։ Արևը սովորում էր մեզ հյուրընկալած Կեդրոնական վարժարանի 11-րդ դասարանում։ Մաթեմատկայի դասժամին իրար հերթ չտալով՝ լուծում էինք բոլոր առաջադրանքները։ Անժելան և Գրիգորը բժիշկներ են։ Եթե չիմանաս էլ, 7օր համատեղ ապրելով, հաստատ կգուշակես։ Ես ու Արևը հազիվ էինք արթնանում ու հասնում դասի, մինչդեռ նրանք արդեն հասցրել էին առավոտյան վազել ու նախաճաշել։ Իսկ Կարենի մասին կարող եմ ասել, որ նա տան ամանորյա մթնոլորտը ապահովողն էր։ Տուն մտնելով, լսելով «Կաղանդ բաբա»-ի մասին քաջ ծանոթ մեղեդիները՝ միանգամից տան զգացողություն էի ունենում։

 

 

 

Ամեն առավոտ մասնակցում էինք Կեդրոնականի դասերին, որի ընթացքում ծանոթանում էինք իրենց կրթական ծրագրին՝ համեմատում մերի հետ։ Մաթեմատիկայի ժամին արդեն անդրադարձել եմ, ունեցել ենք նաև գրականության ու օտար լեզվի դասաժամեր։ Անգլերենի դասաժամը ամենաառաջինն էր, որի ժամանակ էլ ծանոթացանք միմյանց հետ։ Իսկ ամենասիրելի դասաժամս դարձավ գրականությունը։ Կրթական ծրագրով դեռ չէին հասել Կոմիտասին, բայց մեզ հետ սկսեցին ուսումնասիրել։ Օրիորդը դասն այնքան հետաքրքիր կազմակերպեց, որ սկսեցի նորից պատկերացնել Կոմիտասի կյանքը։ Վերջում էլ «Կաքավիկ»-ը երգեցինք։ Կրթական մաս էին կազմում նաև մեր այցելությունները թուրքական դպրոց և համալսարան։ Դպրոցում քննարկեցինք փակ սահմանի, թուրք-հայկական հարաբերությունների, դրանց զարգացման, անցյալի անհաջող պատմության մասին։ Քննարկման արդյունքում երկու բան պարզեցի ինձ համար. թուրք ժողովուրդը մեծամասամբ վատ տրամադրված չէ մեր նկատմամբ կամ անտեղյակ է պատմությունից ու այն փաստից, որ Թուրքիայի երկու հարևան պետությունները հակամարտության մեջ են, որն էլ ուղղակիորեն ազդում է հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ուղղված աշխատանքների վրա։ Արևին, երբ հարցրի Բողազիչի համալսարանի մասին, աչքերը միանգամից սկսեցին փայլել։ Ասաց, որ Թուրքիայի ամենալավ համալսարաններից է ու երազանք ունի այնտեղ սովորել։ Համալսարանի մասին պատմում էին ուսանեղները, ցույց տալիս հայ ընկերների հետ կատարած աշխատանքները։ Պատմում էին, որ Հայաստանում ամերիկյան համալսարանի հետ են փորձում կապեր հաստատել։ Երբ այցելեցինք համալսարան ու ծանոթացանք ծրագրերին, միանգամից հասկացա Արևի ոգևորությունը: Համալսարանը գտնվում էր կենտրոնից բավականին հեռու, այն ավելի շուտ հիշեցնում էր կրթական փոքր քաղաք, որտեղ և՛ սովորում են, և՛ ապրում: Բա տեսարանը. բակը նայում էր միանգամից Բոսֆորին։ Ամեն ինչ արված էր ուսանողներին հարմարավետություն նվիրելու համար։

 

 

 

 

 

Կրթական եմ համարում նաև մեր այցերը եկեղեցիներ, Պոլսոհայոց պատրիարքարան, ինչպես նաև հայկական դպրոցներ։ Երբ ասում էինք որ Հայաստանից ենք եկել, պատմում էին իրենց անցած ճանապարհն ու դժվարությունները, որը ևս պատմություն է։ Ամենաշատը հուզվել եմ Հրանտ Դինքի դպրոցում։ Երեխաները ուսում էին ստանում եկեղեցու շենքում։ Իսկ երբ մոտենում է քննաշրջանը, մեկ ամսով տեղափոխվում են Հայաստանցի որևէ ընտանիք՝ քննություններ հանձնելու։ Ի դեպ ասացին, որ հեղափոխությունից հետո իրենց 142 սաներից 20-ը ընտանիքների հետ միասին ետ են վերադարձել հայրենիք։ Շատ էի ուրախացել իրենց ոգևորությունից։ Իրենց շնորհիվ սկսեցի ավելի լրջորեն գնահատել Հայաստանում նկատվող յուրաքանչյուր դրական շարժ։ Ստամբուլում պետք է անպայման լինել…

 

 

 

 

 

Իսկ վերջում` ուզում եմ շնորհակալություն հայտնել, կրթահամալիրիս, Կեդրոնական վարժարանին և այն բոլոր ծնողներին, ովքեր, շատ դժվարություններ հաղթահարելով, ուզում են պահպանել իրենց հայությունը, որի մեծ օրինակ է երեխաների ուսման վայրի ընտրությունը`Կեդրոնականը:

Կցում եմ ընկեր Մարթայի նյութը, ով ամբողջացրել է մեր բոլորի մտքերն ու զգացումները:

Կարող եք կարդալ նաև Ստամբուլի մասին պատմող ուսումնական նյութս

Leave a comment